Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ԶԻՆՎՈՐ ԵՄ, ԳԵՆԵՐԱԼ ԴԱՌՆԱԼ ՉԵ՞Մ ՈՒԶՈՒՄ

ԶԻՆՎՈՐ ԵՄ, ԳԵՆԵՐԱԼ ԴԱՌՆԱԼ ՉԵ՞Մ ՈՒԶՈՒՄ
12.03.2010 | 00:00

Առանց ոլոր-մոլոր կամ, ինչպես ընդունված է ասել, զարտուղի ճանապարհներով ընթանալու (միշտ էլ աստվածահաճո է ուղիղ ճանապարհը, որն այնքա՜ն սիրում էր Միքայել Նալբանդյանը, և որի օրինակով խորհրդային դպրոցներում մեր սերնդին սովորեցրել են մի՛շտ և ամենո՛ւր ուղիղ ընթանալ ու չխոտորվել)` ասենք միանգամից.
Հայաստանի Հանրապետության երկրորդ դեմքը (իհարկե, ի պաշտոնե և, իհարկե, բախտի բերմամբ), որը պատեհ ու անպատեհ առիթներով պնդում է (առերևույթ, իհարկե), թե չի՛ «ուզում երկրի առաջին դեմք դառնալ» (Սունդուկյանի հանգով` «յիս էդ պարը չի՛մ պարում»), մոռանալով, իհարկե, անտիկ ժամանակներից մեր օրեր հասած ասույթը` «վատն է (մենք կասեինք` շա՜տ վատն է) այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ», կրկնենք` պատեհ ու անպատեհ առիթներով սիրում է սպառնալ, թե այս կամ այն թերթը «կփակեմ, կսատկացնեմ»։ Ի՞նչ մեխանիզմներով (իհարկե, ո՛չ օրինական ճանապարհը, իմա` խոտոր ճանապարհը նկատի ունենք), թերևս միա՛յն իրեն` խոսնակին է հայտնի։
Մեր երկրի երկրորդ դեմքը (խե՜ղճ երկիր), իհարկե, մոռանում է, որ, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը` «40 տարվա մանկավարժ եմ», իմա` «ՉՏՋՊՖ» եմ, բայց չեմ լսել, թե տպագիր լրատվամիջոցին «սատկացնեն» հանց սովորական միջատ, կամ էլ...
Ինչևէ։ ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը (իհարկե, հասկանալի պատճառներով անուն-ազգանունը չենք հրապարակում) վերջերս բացահայտեց պարոն խոսնակի թերթ «սատկացնելու» անհագուրդ մղման հիմնական պատճառներից մեկը (մյուս պատճառներին կանդրադառնանք առաջիկայում)։
Պարզվում է, ԱԺ նախագահը խորհրդարանական ընտրություններից առաջ (ժամանակն արդեն չի սպասում) փորձում է տպագիր սեփական լրատվամիջոց ունենալ։ Եթե հավատանք պնդումներին, արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ ողջ տեխնիկան, անգամ պատրաստ է գրասենյակը (հայերեն ասած` «օֆիսը»), անշուշտ, մայրաքաղաքի կենտրոնում (փո՞քր, թե՞ մեծ, մեր աղբյուրը, ցավոք, «կարևոր այդ գաղտնիքը» չբացահայտեց)։
Հա՛, ի դեպ, խոսնակի որոշ զինակիցներ և «անկաշառ» նվիրյալներ (իհարկե, անուններ չենք տալիս, յուրաքանչյուրը թող իր իմացած անձնավորության անունը մտքում արտաբերի) զբաղված են Հովիկ Աբրահամյանի առայժմ անանուն թերթի (ի՜նչ վատ «շպիգել» է, որ` «Անանուն թերթ») խմբագրի փնտրտուքներով։ Այսօրվա դրությամբ շատ ինտենսիվորեն քննարկվում է ուղիղ 3 լրագրողի թեկնածություն։
Պարոն Աբրահամյանը, իհարկե, թող ների իր «շատ սիրելի» «Իրավունքը de facto»-ին` բերանբացության համար, բայց ասում են` սեփական թերթ հրատարակելու հանգամանքը նա հույժ գաղտնի է պահում, որովհետև զգուշանում է հատկապես նախագահականի զայրույթից, թե` «օրենսդրական կիսատ-պռատ գործունեությունդ թողած, էդ ինչո՞ւ ես քեզ գցում լրատվության չիմացածդ բոստանը, որտեղ ո՛չ կարող ես վարել, ո՛չ էլ ցանել» (ժամանակին Տիգրան Թորոսյանի դեմ ծրագրված ու բարեհաջող ավարտված «Բարբարոսա» բլիցկրիգը չհաշված)։ Համենայն դեպս, խիստ կարևոր մի հարց ենք ուզում հնչեցնել. պարոն Հովիկ Աբրահամյան, Ձեր գրպանին (չէ՛, ներողություն, «իմիջին») այդ ինչո՞վ են խփում որոշ թերթեր, որ փորձում եք զբաղվել երկրի երկրորդ դեմքին ո՛չ հարիր «սատկացնելու» գործողությամբ ու ձգտում եք «ամորձատել» այս կամ այն թերթը, այդ գործում ցուցաբերելով, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալիզմ։ Ասեմ` իմացե՛ք. Ձեր այդ քայլը լրատվական դաշտի ոչ այնքան բարդ, գրեթե պարզունակ մանրամասների չիմացության հետևանք է, անշուշտ։ Այլապես, պարոն Աբրահամյան, չէիք սկսի հիշյալ գործընթացը (...իմա` «ամորձատումը») մեկ լրագրողից (այն էլ այն դեպքում, երբ Ձեր «ընտրության» սուբյեկտն «ուհի» է), անտեսելով կուռ թիմը։
Ես, իհարկե, չգիտեմ, թե պարոն Աբրահամյանն ինչ կրթություն է ստացել (նկատի ունեմ Միքայել Նալբանդյանի նախընտրած ուղիղ ճանապարհը` այն է, ինչպես ընդունված է ասել, «գիտության գրանիտը կրծելու», 5 և ավելի տարիներ բոլոր մահկանացուներիս նման մայր բուհի կամ այլ ինստիտուտի, ինչպես նաև գրադարանների աթոռները մաշելու ուղիղ ճանապարհը), բայց մի բան հստակ գիտեմ. պարոն խոսնակը, ավելի ստույգ, մեր երկրի 2-րդ դեմքը, լրագրության ասպարեզում, ինչպես մութ անտառում... նույնիսկ չգիտի, որ ժուռնալիստիկան ո՛չ բռնցքամարտ է, ո՛չ էլ բազկամարտ։
Պարոն Աբրահամյան, այն միանշանակ թիմային խաղ է, ֆուտբոլի նմանությամբ, ու միշտ հաղթում է այն թիմը, որը պրոֆեսիոնալ լրագրողներ ունի, որին, պարոն Աբրահամյան, կռել-կոփել է ու դարձրել միաձույլ Ձեր լավ իմացած ու որոշակի դիրիժորությամբ «սրբագրված» ոչ այնքան հեռու անցյալը...


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 18829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ